Շ.Մ.-ի իմացած երկու երգը
02.06.2020 | 01:18
«Մեր կինոկենտրոնը հիմնադրվել է 2006թ-ին», -Հայաստանի ազգային կինոկենտրոնը նկատի ունենալով՝ այսպես է սկսում իր ֆեյսբուքյան բազմաթիվ հրապարակումներից մեկը կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր Հովհաննես Գալստյանն ու նույն անաչառ օբյեկտիվությամբ շարունակում. «2017-ին տնօրենին ազատել են ու անժամկետ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել կինոյի կառավարման հետ նույնիսկ հեռավոր կապ չունեցող մեկին, ով երկու բան է կարողանում անել՝ կեղծ մատնությամբ գործեր սարքել իր տխմար կառավարման հետ անհամաձայնություն հայտնած մարդկանց դեմ ու պետական երկու կոպեկով առնել մյուսների լռությունը»։
Նկատի ունենալով փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի գլխավորից իր հովանավոր մետրի՝ Ռուբեն Գևորգյանցի ձեռամբ ու ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի անխոհեմ նշանակմամբ կինոկենտրոնի գլխին հայտնված Շուշանիկ Միրզախանյան փորձանքին, նույն ֆեյսբուքյան հարթակում մենք մշակութային կյանքի քաղհալածյալ Հովհաննես Գալստյանին շարունակել էինք այսպես. «...ում վզին են ծանրացած հայկական կինոյում տիրող ներկայիս աննորմալ բարքերը, գումարների փոշիացումը, մի քանի տասնյակից անցնող անավարտ մնացած ֆիլմերի բեռը՝ հայ կինոյի վերջին երեք տարվա փաստացի անգործությունը»։
Հասկանալու համար, թե ավարտին մոտեցող այս երեք տարին կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանի քանդարար գործունեության արդյունքում իրականում ի՞նչ է արժեցել կինոկենտրոն պետական կառույցին ընդհանրապես, կինոարտադրողին ու հայ կինոյին՝ մասնավորապես, դիտարկենք միայն 2018 թվականը՝ ձեռքի տակ հայտնվելիք փաստաթղթերի ամբողջական տրցակի հենքի վրա իրողությունների խորքային վերլուծությունն անելու ու հանուն կինոն ճահճից փրկելու արդյունքում հետևությունների մեջ հնարավորինս փութկոտ լինելու պատասխանատվությունը դնելով իրավապահ մարմինների ուսերին։
Եվ այսպես՝ 2018-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջեից «Կինոնկարների արտադրություն» ծրագրով ստացել է 897,287 միլիոն ՀՀ դրամ։
Որպեսզի ընթերցողին առավել ընկալելի լինի նշված գումարի ծախսային ծածկույթի իրական հնարավորությունը, ասենք, որ կինոկենտրոնի ստեղծման օրվանից՝ 2006 թվից, Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվել է 3-4 խաղարկային լիամետրաժ ֆիլմ։ Այստեղ միջանկյալ նկատենք, որ նույն այդ տարիներին կինոնկարների արտադրության համար հատկացվող գումարի չափի առանձնակի փոփոխություն չի եղել:
Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ 2018-ԻՆ
Կինոկենտրոնում արմատավորված ապաշնորհ կառավարման արդյունքում զարգացման փուլի մեջ ընդգրկվել է 18 խաղարկային լիամետրած ֆիլմ (հուսով եմ՝ դեռ չեք հասցրել մոռանալ տարեկան 3-4 կինոնկար թողարկելու արտադրական հզորության մասին վկայումը, որը Խորհրդային Միության հզոր ֆինանսավորումն ունեցող «Հայֆիլմ» կինոստուդիայի համար մի փոքր ավելի ներկայացուցչական տեսք ուներ՝ ի դեմս տարեկան 4-6 խաղարկային լիամետրած կինոնկարի): Այս 18 ֆիլմի ծավալը հաղթահարելու համար կպահանջվի առնվազն 4-5 տարի, սակայն այդ առնվազն 4-5 տարին միայն ա՛յն դեպքում, եթե
ա. կինոկենտրոնը դադարի նոր կինոնախագծերի մրցույթներ անցկացնել,
բ. ֆինանսավորի բացառապես ա՛յս ֆիլմերի արտադրությունը,
գ. այս ֆիլմերի արտադրողները չթերանան զուգահեռ վերցված իրենց պարտավորություններում, ապահովեն ֆինանսավորման մյուս՝ ոչ պետական աղբյուրները։
Մտածելով, որ ավելի քան փաստական եղանք ոլորտի ապաշնորհ կառավարումն իր ողջ արատավորության մեջ ներկայացնելու հարցում, շարունակենք սրան զուգահեռաբար նկատել, որ այս 18 ֆիլմից միայն 2-ն է ֆինանսավորում ստացել հաջորդ՝ «Արտադրություն» փուլի համար, ինչից հետևում է, որ մյուս 16 ֆիլմերը համալրել են պետական ֆինանսավորում ստացած անավարտ ֆիլմերի ցանկը, և դրանց արտադրության մեջ ներգրավված պետական գումարները կա՛մ սառեցված են, կա՛մ՝ փոշիացված։
Հարց կարող է առաջանալ, թե ինչո՛ւ ենք խոսում կամ-կամ-ի լեզվով։
Բանն այն է, որ կինոկենտրոնը, որի թափանցիկ գործունեության վերաբերյալ ինքնամոռաց դիֆիրամբներ է ձոնում կինոմիությունում փափուկ բնակալած, ամենուրեք ու ամեն ինչին ձեռք գցող ոմն «կինոգետ», իր հետագա հրապարակումներում թաքցրել է ֆիլմերի արտադրության ավարտի ժամկետները։ Սույն փաստն առնվազն տարակուսելի է, քանզի որևէ ֆինանսավորող կառույց չի՛ կարող անժամկետ ֆինանսավորում իրականացնել։ Ընթերցողին նկատել տանք, որ դեռևս չենք խոսում նման կառավարման դեպքում այդ ֆիլմերի համար պետությունից անվերջ գումարներ պոկելու հնարավորության մասին, ինչն էլ, կարծում ենք (սա մեր համոզմունքն է) մտածված հանցավոր սխեմայի առանցքներից մեկն է։
Շարունակենք։
Ավելին՝ խաղարկային լիամետրած ֆիլմի զարգացման փուլը ֆինանսավորելով ընդհանուր բյուջեի 1-2 %-ի չափով՝ կինոկենտրոնի «աշխատող» գլուխները (մեր համոզմամբ՝ բացառապես սեփական շահի համար աշխատող) այդ կինոծրագրերի հեղինակներին հիմնական ֆինանսավորումը խոստացել են տեղափոխել հաջորդ տարի՝ դրանով իսկ՝
ա. փոքր գումարներով իրականացրել չափազանց ռիսկային գործարքներ,
բ. վտանգել պետական գումարները՝ հընթացս կինոարտադրողներին մատնելով անորոշության իրենց համարտադրողների հետ հարաբերություններ կառուցելու առումով։
ՍԽԵՄԱՆ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ի՛նչ է ստացվել այս «քաղաքականության» արդյունքում։
Ստացվել է այն, որ տեղափոխման տեսքով խոստացված գումարները կատարյալ խառնաշփոթ են առաջացրել կինոկենտրոնի գործունեությունում: Թերևս սրա լավագույն հավաստումն այն է, որ այս տարի zoom կոնֆերանսներից երկուսում հնչած չափազանց կոնկրետ հարցին, թե մասնավորապես 2020 թվականի համար որքան գումար կա բյուջեում, կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն ցրողական պատասխան է տվել ու տալիս, քանզի վերջնականապես խճճվել է անցյալից եկող խոստումներում ու պիտի փորձի հավատ ներշնչող ինչ-որ լուծում գտնել:
Մինչ Շ. Միրզախանյանը կլինի հոդաբաշխ բացատրության ենթակա լուծման որոնումներում, հուշող դիտարկման կարգով գործի ուսումնասիրության մեջ ընդգրկվելիք, ընդգրկված պատկան մարմիններին միջանկյալ տեղեկացնենք, որ կինոկենտրոնի ժ/պ-ն հաջորդող տարվա համար ֆինանսական երաշխիքներ տալու իրավունք չունի: ՈՒստի ոչինչ տարօրինակ չէ այն հարցում, որ պետական գումարների այսպիսի կառավարումը հանգեցնելու է կինոարտադրության պետական կառավարման հոգեվարքի։
Հնարավորինս մեղմ լինենք՝ այսպիսի նեղմիտ կառավարման արդյունքում կարող ենք փաստել, որ արդեն իսկ այս պահի դրությամբ ունենք շուրջ 35 լիամետրաժ կինոնկարի նախագիծ, որոնց մեջ ներդրված պետական գումարները փոշիացման վտանգի տակ են, և որ այդ նախագծերի արտադրության ավարտը անհնար է տեսանելի ապագայում։ Գաղտնիք բացահայտած չենք լինի՝ ասելով, որ նման պարագայում պետությունը ստիպված կլինի արձանագրել՝ արտադրության մեջ գտնվող այդ լիամետրաժ ֆիլմերում կատարված պետական ներդրումները չեն ծառայելու իրենց նպատակին, այդ ֆիլմերը այդպես էլ ավարտին չեն հասցվելու, իսկ եթե եղածի ավելի ճիշտ բնութագրական եք ուզում իմանալ՝ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ։
ԳԼՈՒԽՆԵՐՆ ԱՎԱԶԻՆ ՊԱՀ ՏՎԱԾՆԵՐԸ
Ընթերցողը բնականաբար իրավունք ունի հարցնլու. «Մի՞թե այս ամենին տեղյակ չէ վերադասությամբ գործող ԿԳՄՍ նախարարությունը»։
Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն այս, այլև հարակից բազմաթիվ այլ հարցերի մասին եղել են համապատասխան իրազեկումներ, բարձրաձայնումներ, հրապարակումներ ինչպես մեր, այնպես էլ այլ անձանց կողմից նաև հարևան երկրի կինոկենտրոնի հետ համեմատականի անցկացումով, որ գոնե ա՛յս կերպ թասիբի ընկնեն, սակայն այդ ամենը կամ շրջափակվում է նախարարության ինչ-որ օղակում, կամ ոլորտի պատասխանատուներին հետաքրքիր չէ՝ միայն իրենց հայտնի նկատառումներից ելնելով, ինչն էլ մեզ հանգեցրել է այն մտքին, որ «կինոկենտրոնի վերադաս ԿԳՄՍ նախարարության առնչությամբ նման հույսեր փայփայելն անօգուտ է, քանզի այնտեղ կա Արա Խզմալյան անունով փոխնախարար, ով մասնավորապես կինոարվեստի առնչությամբ իր աշխատանքային պարտականությունները տեսնում է կինոկենտրոնում զարգացումների վրա աչք փակելու, փաստերը կեղծելու, չիմացության արդյունքում բանից անտեղյակ զանգվածային լրատվության միջոցներով սուտ ու կեղծիք տիրաժավորելու ու նաև այդպես իր հարկադիր թե պարտադրված անգործությունը պարտակելու, կինոյի Շուշոյի հետ արտասահմանյան վոյաժներում կինոյի փողերը փոշիացնելու մեջ»։
Մեջբերվածն ամբողջությամբ վերցված է մեր «Նախապես զգուշացնում ենք՝ չքմեղանալու է» ֆեյսբուքյան հրապարակումից, որը կինոկենտրոնի վարած քաղաքականությանը նվիրված անդրադարձների քանակից ընդամենը փոքրիկ փշուր է։ Ի դեպ այդ նույն հրապարակումում հայ կինեմատոգրաֆի կողքին անդրադարձ է եղել հարևան Վրաստանի կինեմատոգրաֆին, որը գնացել է փաստացի՛ կինոարտադրանք ունենալու, վրաց կինոն համաշխարհային հանրությանն օր առաջ ի տես դնելու պետականամետ, ազգամետ ռազմավարության մշակման ճանապարհով, մինչդեռ մեր կինոկենտրոնի ժ/պ-ն, որ կինոյի մեջ մի այլ կարգի կինո է, գնացել է միջազգային հարթակներում իրե՛ն ի տես դնելու, տասնյակ կինոծրագրերի հեղինակների սիրաշահելու ու սիրաշահվելու, նրանց իրենից վասալական կախվածություն մեջ պահելու, ձայները գնելու ճանապարհով, ինչը բացարձակապես ընդհանուր եզրեր չունի պետության ու պետական շահի հետ։
ԱՍՈՒՄ ԵՔ, ԹԵ...
Ասում եք՝ անուղղակի մատնացույց արեցի, թե որտեղից է գալիս մեծաթիվ կինոնախագծերի նկատմամբ Շ. Միրզախանյանի շեյլոկյան թուլությու՞նը, որն իրականում կուտակման անհագ տենդ էր հանուն սեփական քսակի պարամետրի ընդլայնմա՞ն։
Դա՝ այդ մատնացույցը, ընդամենը մասն է ամբողջի, որի բացահայտումը ենթադրում է բավական բարդ, ապացուցողական բազա պահանջող աշխատատար մեխանիզմ, սակայն իր բարդության ու աշխատատարության մեջ միանգամայն իրագործելի է պետության շահն առաջնային ունենալու շահագրգռության դեպքում։
Հարց՝ ինչու՞ ենք մենք առանձնահատուկ կարևորում իրավապահ մարմինների ուշադրությունը խնդրի առնչությամբ։
Պատասխան՝ շատ պարզ, հասկանալի պատճառով. քանզի անպատժելիությունը մղում է նորանոր «խիզախումների», իսկ սաշամատրոսովներ դժբախտաբար հա էլ կգտնվեն, հատկապես, որ դրանք, ի դեմս սպեցիֆիկ գործունեություն ծավալող կառույցների, գերազանցաբար ունենում են ապահովագրված թիկունք։
2018 աշխատանքային տարվա օրինակով ու կոնկրետացումով մենք բերեցինք պետության միջոցների նկատմամբ ակնհայտորեն տարիներով արմատացած ու անպատիժ մնացած վերաբերմունքի առարկայական փաստում, ու պետք չէ Սողոմոն իմաստուն լինել հասկանալու համար, որ ի դեմս 2018-ի ձեռագրի, 2019-ը նրա օրգանական շարունակությունն է եղել ավելացած անավարտ կինոնախագծերով, դրանց ֆինանսական մասհանումներով, այդ մասհանումներից արվող..
Սակայն եկեք մարդկանց գործելու հնարավորություն տանք աղաղակող բացահայտումներ անելու իրենց դժվարին ճանապարհին, որի ընթացքում նրանց աշխատանքից շեղելու բազմաթիվ փորձեր կարվեն ակներևաբար։ Բայց եկեք սրա վրա առանձնապես չսևեռվենք, մանավանդ որ գործի ու գործելու մղող հանգամանք կա։ Հանցավոր սինդիկատի մոտ ախորժակի պակաս չի նկատվում և 2020-ի կտրվածքով, իսկ հնարավոր կոծկումների համար առաջին հայացքից լավ էլ հստակ թիրախ կա՝ ի դեմս կորոնավիրուսի, մանավանդ որ Factor.TV-ի 24.05.2020 թվագրում ունեցող «Շաբաթն ուրբաթից շուտ եկավ. հայ կինոարտադրողի հաջորդ «դուբլն» անորոշ է» տեսանյութում անհրաժեշտ «բմբուլն» արդեն գցվել է, ու լուծումների փնտրտուքի մասին իր անհոդաբաշխ բացատրություններով Շուշանիկ Միրզախանյանն արդեն իսկ հայտնվել է իր տարերքում։
Եվ իրականում էլ՝ ի՞նչ է պատահել՝ պետական միջոցների անսպառ փոշիացումները, սեփական անգործության պտուղներն ընդդեմ կինոյի հանգիստ կարելի է բարդել համավարակի վրա ու... վերջնականապես քանդել հայ կինոն՝ այն դատապարտելով հավերժական չգոյության։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ